ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարությունը:
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների առաջընթացով եւ հաջողություններով։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգին, կարեւորել են քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առեւտրի, ներդրումների, մշակույթի, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում սերտ եւ արդյունավետ գործընկերության ընդլայնման կարեւորությունը:
Զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական համագործակցությունը, բարեկամական խմբերի միջեւ ակտիվ երկխոսությունը:
Դեսպան Մյուլմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հավաստիացրել, որ կներդնի իր առավելագույն ջանքերը հայ-ավստրիական հարաբերությունների ընդլայնման եւ որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:





























