ԼՂ իշխանությունն իմ բոլոր քայլերին տեղյակ է եղել, ավելին, ես նույնիսկ բանակցային փաթեթները փոխանցել եմ ԼՂ իշխանությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:
«Երկրորդը, վերջերս մի պաշտոնյա ասում է՝ ես այն ժամանակ ուզում էի ռաջարկեի, որ էս աներ, էս աներ, թող առաջարկեին: Ավելին ասեմ, հիմա թող գրավոր հրապարակեն էն, ինչ որ այն ժամանակ ուզում էին առաջարկել: Չեն անում, գիտե՞ք ինչու, որովհետեւ իրենց գրածը էդ հարցերն է բերելու:
Այդ բոլոր մարդիկ, որոնք տեղյակ էին, թող գրեին, ասեին՝ դու չես հասկանում, կա քայլ մեկ, քայլ երկու, քայլ երեք: Կամ թող ասեին՝ արի հանդիպենք, մենք քեզ ասելու բան ունենք, ինչո՞ւ չեն ասել:
Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018-ին կամ 2019-ին ինչ խորհուրդ էր տալու ինձ: Ես Վարդան Օսկանյանի հետ պրոբլեմ ունեմ, որ ինքը էդ մարդիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է դարձրել»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ինքը եւս գնալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. «Ես էլ եմ գնալու քննիչ հանձնաժողով, ինքն էլ թող գա, ասի՝ ես սենց բաներ պետք է ասեի: Իսկ պատասխանատվության մասով չեմ կարող հերքել, չեմ էլ կարող խուսափել պատասխանատվությունից, չեմ էլ ուզում:
Իմ ասածն այն է, որ էս դահլիճում, էս դահլիճից դուրս կռիվ ենք արել, վիճել ենք, դուք ինձ եք դավաճան ասել, ես ձեզ եմ դավաճան ասել: Ինչ հնարավոր էր՝ ասել ենք: Ասում եմ՝ լավ, մի պահ կա, եկեք հլը փաստարկների դաշտում հասկանանք, կարող է ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում: Կարող է՝ ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում, որովհետեւ ես ամենագետ չեմ, աշխարհի բոլոր բանաստեղծություններն անգիր չգիտեմ, չնայած մի քանիսը գիտեմ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա փետրվարի 24-ին մի քննարկման ժամանակ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ դեռ տարիներ առաջ ինքը Փաշինյանի աջակիցներին խնդրել է վարչապետին փոխանցել, որ մադրիդյան փաստաթղթի հեղինակն ինքն է եւ Փաշինյանը կարող է կանչել եւ գործակցել. «Եթե ինքն այդ օրերին Փաշինյանն ինձ կանչած լիներ եւ ես առիթ ունենայի իր հետ խոսելու, ես իրեն հետեւյալ հորդորը կանեի. Հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, ինքը ունի այն հնարավորությունը, որ կարողանա լրացուցիչ որոշ զիջումներով, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, ինքն իր վրա վերցնի պատասխանատվությունը, անի այդ լրացուցիչ մի քանի զիջումները եւ հասնի Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը: Մադրիդյան փաստաթուղթը այդ հնարավորությունը տալիս էր, այդ հնարավորությունը կար: Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել: Ես պատրաստ էի այդ հարցում իր կողքը կանգնել եւ աջակցել, որ հնարավոր լինի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը: Բայց Փաշինյանը գնաց ուրիշ ճանապարհով, գնաց ներքին պառակտման, սկսեց իր զրոյական կետից»,-հայտարարել էր ԱԳ նախկին նախարարը:











