Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կողքի թափանցող կտրած ծակած վերք» և «պարանոցի առաջնային հատվածի կտրած ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Մ.-ն է ու մինչ ոստիկանները հիվանդաոցում էին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամաբ մի քաղաքացի:
Ոստիիկանները օպերատիվ տվյաներով պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Կ.-ն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ այսօր ժամը 12:50-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոն տեղափոխված Արսեն Մ.-ն, Երևանի բնակիչ 32-ամյա Տիգրան Կ.-ն և ևս մեկ հոգի՝ ում ինքնությունը պարզվում է, Արսեն Մ.-ի կողմից օգտագործվող ավտոմեքենայով գնացել են Բաղրամյան 40 հասցեում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ Mercedes GLS և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներով նշված վայր են եկել Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գ.-ն, «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Կ.-ն և ինքնությունները դեռևս չպարզված 2 այլ անձինք:
Դեպքի առնչությամբ Ամերիկյան համալսարանը տարածել է պարզաբանում, որում, մասնավորապես, նշվում է.
«Լրատվամիջոցներում երեկվանից տարածվում են լուրեր առ այն, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի բակում տեղի է ունեցել դանակահարություն։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել համալսարանին հարակից տարածքում՝ Լեռ Կամսար փողոցում, որը հանրային տարածք է (համալսարանի անվտանգությունը պատասխանատվություն չի կրում այդ տարածքի համար), իսկ միջադեպի մասնակիցները չեն հանդիսանում համալսարանի համայնքի անդամ: Համալսարանն աջակցում է իրավապահ մարմիններին դեպքի մանրամասները պարզելու հարցում»:





























