Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում, սեպտեմբերի 26-ին, ոսկու ունցիան վաճառվում էր 1550-1650 դոլար միջակայքում: Առաջին անգամ օգոստոսից հետո ոսկու ունիցիայի գինը ավելի ցածր է 1700 դոլարից:

Ոսկու էժանացումը միջազգային շուկայում բացատրվում է կանխիկ դոլարի նկատմամբ պահանջարկի մեծ աճով: Ներդրողները սպասում են համաշխարհային ճգնաժամի կրկնություն եւ դոլարի թանկացում: Այս պարագայում կանխիկ դոլարը համարվում է առավել ցանկալի ակտիվը:

Ըստ որոշ փորձագետների` ոսկու գնի անկումը պայմանավորված է նրանով, որ ամերիկյան ու եվրոպական կործանվող բանկերը ակտիվորեն ոսկի են վաճառում` այդ կերպ լուծելով իրացվելիության խնդիրը:

Ընդհանուր առմամբ` օգոստոսի գնային պիկից հետո ոսկին գնի մեջ կորցրել է մոտ 20 տոկոս, իսկ արծաթը` 30 տոկոս: Սեպտեմբերի 26-ին արծաթի 1 ունցիան գնահատվում էր 29.2 դոլար, պլատինի ունցիան` 1565 դոլար: