Հնարավոր չէ գնահատել երկրի անվտանգության համակարգի մակարդակը՝ հիմնվելով այն բանի վրա, որ մեկ մարդ մոլորվել ու կորել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա չբացառեց, որ նման դեպքերը կարող են կրկնվել եւ՛ հայկական, եւ՛ հակառակորդի կողմից: Ընդ որում, նա կոչ արեց ուշադիր լինել, որպեսզի սահմանով ոչ ոք չներթափանցի։ «Որքան հասկանում եմ, այդ ադրբեջանցին դասալիք է»,-նշեց Սիմոնյանը: 

Նա կրկնեց Ադրբեջանին ուղղված իր պահանջը, որ այդ երկիրը հնարավորինս շուտ վերադարձնի հայ գերիներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են երկու զինծառայողի անհետացման մասին: Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանցի մեկ զինծառայողի ձերբակալության մասին: Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որին մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահակի սպանության համար: