2011 թվականին, Երեւանում տեղի ունեցած, առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացավ: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց նաեւ, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը:
Վարորդը եւ ուղեւորը թողնելով ավտոմեքենան` դիմեցին փախուստի եւ կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:
Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց եւ բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը:
Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ եւ մահացավ:
Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները:
Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ:
Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով:
Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած եւ մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:
Շարունակելով օպերատիվ գործողությունները` ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին:
Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ:
Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվեց իրազեկման շրջանակը եւ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվեց:
Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց եւ առգրավվեց մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաեւ դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն:
Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկում եւ համակարգում էր օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվում եւ անմիջապես զեկուցվում էին ոստիկանության պետին:
Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց եւ առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:
Նույն վայրից բերման ենթարկվեց նաեւ նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց եւ առգրավվեց մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին:
Օղակը հանցավոր խմբի շուրջ սեղմվել էր, սակայն չէր թուլանում գործողության օպերատիվ կառավարման լարվածությունը: Չէր կարելի աչքաթող անել ոչ մի մանրուք:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով եւ վեց պարկուճով:
Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ մի շարք այլ բնակարաններում ու տներում:
Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:
Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են:
Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:
Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:
Տեսանյութը NEWS.am-ին է տրամադրել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը











