Ազգային ժողովում երեկ՝ ապրիլի 18-ին, ունեցած ելույթով Նիկոլ Փաշինյանը փակում է Արցախի ազգային-ազատագրական շարժման էջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Մինչեւ պատերազմը եղել է այլ իրավիճակ, նոյեմբերի 9-ից հետո՝ այլ։ Այլեւս ոչ մի նշանակություն չունի, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ էին տալիս։ Այդ բոլոր էջերը Նիկոլ Փաշինյանը փակել է։ Ամբողջ նորմերը, փաստաթղթերը, պատկերը 2020 թվականի պատերազմից հետեւանքով ամբողջությամբ ջնջվել է։ Ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ է տեղի ունեցել, եթե դու իրավիճակը հասցրել ես պատերազմի։ Պատերազմի համար պատասխանատու է երկրում այդ պահի ղեկավարը։ Ինքը հիմա փորձում է ստեղծել ցանկացած հակադրություն՝ միայն թե զբաղեցնի հասարակությանը։ Սա ժողովրդի 35 տարվա պայքարի, զրկանքների, զոհաբերությունների էջի փակումն էր։ Ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը մեխում է Արցախի ազգային-ազատագրական շարժման դագաղի վերջին մեխերը»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանը նկատում է՝ Փաշինյանն անգամ չի էլ փորձում թաքցնել, որ սպասվում է նոր փաստաթուղթ, զուգահեռ էլ՝ Իլհամ Ալիեւն է իր պահանջները մեծացնում։ Այլ կերպ ասած՝ հայ ժողովուրդը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի արանքում, մի կողմից հայ ժողովրդին Իլհամ Ալիեւն է հարվածում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, դրա վկայություններից էլ մեկը նրանց՝ իրար փոխլրացնող եւ համաձայնեցված ելույթներն են։
«Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետեւանքով Հայաստանի 29․800 քկմ տարածքը նվազել է։ Չի բացառվում, որ կպարզվի՝ առնվազն մոտ 2000 քկմ արդեն իսկ պակասում է, եւ դա ընդամենը վերջին երկու տարվա ընթացքում։ Իհարկե, ինքը մշտապես ցանկանում է ասել, որ անցյալում են տարածքներ գնացել, բայց, եթե օրինակ՝ Արծվաշենի տեսքով տարածքներ են գնացել, այլ հատվածում հետ են բերվել։ Այն ժառանգությունը, որն իրեն թողնվել է, հաստատ ավելին է եղել, իսկ այն, որ դա պակասել է, փաստ է»,- ասաց վերլուծաբանը։
Կիվիրյանի կարծիքով՝ հենց տարածքի նվազումն է պատճառը, որ Փաշինյանը խուսափում է ասել, թե Տեղում կոնկրետ ինչքան առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։
«Այստեղ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որից թաքցնում են, թե համատեղ ուժերով որքան տարածք են Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը տարել հայ ժողովրդից»,- ընդգծեց նա։











