Նիկոլ Փաշինյանին բացարձակ չի հետաքրքրում, թե ցավոտ լուծումներն ինչ վիճակի կհասցնեն Հայաստանը, նրան միայն հետաքրքրում է դրանից հետո նորից իշխանության մնալու հարցը՝ հասարակությանը մոլորեցնելու միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Եթե ինքն այդ լուծումներին գնար մինչեւ պատերազմը, գուցե հասարակությանը չկարողանար մոլորեցնել։ Հիմա ասում է՝ պետք է պատմության դիտանկյունը փոխել։ Պատերազմի օրերին էլ ասում էր՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու․ մանիպուլյացիոն նույն մեխանիզմներն են։ Այլ կերպ ինչպես ասի՝ իմ նպատակը ձեզ մոլորեցնել է, դուք կհավատաք, ես էլ կմնամ իմ իշխանությանը։ Եթե դու չես կարողանում վարել իրական դիվանգիտություն եւ քաղաքականություն, ապահովել արդյունք, միշտ կզբաղվես մեղավորների փնտրտուքով։ Ի՞նչ է՝ եթե հայ ժողովուրդը ճիշտ ընկալի պատմությունը, թուրքերը հրաժարվելո՞ւ են իրենց քաղաքականությունից։ Թուրքերը հինալի գիտեն իրենց շահերը, եւ դրանցով են առաջնորդվում։ Այս ամենը չհասկանալով՝ մարդիկ դեպի կառափնարան են գնում»,- նշեց Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ անիմաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտնելը, որովհետեւ նա իրականում նպատակ ունի դատարկ բանավեճեր ծավալելու, ամեն ինչ պղտորելու եւ այդ իրավիճակից մանիպուլյացիայի շնորհիվ դուրս գալու։ Նիկոլ Փաշինյանը որեւէ կառուցողական գործընթացի պատրաստ չէ, իրեն պետք է բեմ՝ ելույթ ունենալու համար։
«Ինքը դրանից հաճույք է ստանում, դա է իր հոգեկերտվածքը, եւ դու չպետք է մտնես իր հետ բանավեճի մեջ, որովհետեւ ինքն իր մանիպուլյացիոն գործիքակազմով, ինչը 30 տարվա ընթացքում շատ հմտացրել է, հաղթելու է։ Հատկապես որ հակառակ դաշտում հավաքված չեն մարդիկ, որոնք փայլուն հմտություններ ունեն։ Եվ դրա համար ինքը երեկ հրճվանքի մեջ էր, որովհետեւ մեծահոգի կերպար էր ստեղծել, որին վիրավորում են, բայց ինքը հարգանքով պատասխանում է։ Մարդկության պատմության ընթացքում նման մանիպուլյատորներ շատ են եղել։ Անգամ Օրուելն իր «Անասնաֆերմայում» նման կերպարի ունի, ով կարդացել է, կգտնի Նիկոլ Փաշինյանին՝ այն խոզուկը, որը կարողանում էր պոճը պտտացնել եւ աչքերը կլորացնել»,- նկատեց վերլուծաբանը։
Ըստ վերլուծաբանի՝ պետք է սպասել հերթական աղետին, այլ սպասելիք չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն աղետներ կարող է բերել։
«Ադրբեջանը հստակ գիտի իր անելիքները, ունի դաշնակիցների մեծ բանակ։ Հայաստանի վարած ռազմականաքաղաքական գործողությունների հետեւանքով մենք այսօր կարելի է ասել՝ մենակ ենք ։ Աշխարհը մտել է տուրբուլենտության փուլ, նոր իրավակարգ է ստեղծվում, եւ պետությունները կամ վերանում են կամ վերելք են ապրում։ Ով պատրաստված եղավ, կկարողանա ինչ-որ բան պոկել։ Այս փուլում, ցավոք, ոչ թե մենք ոչ թե ինչ-որ բան ենք տանում, այլ մեզնից են տանում։ Նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է, խաղաղության պայմանագիրը ոչ թե բերելու է հանգստության, այլ ավելի ծանր պատերազմի։ Ադրբեջանի նպատակն է դնել այդ ստորագրությունը եւ ստանալ նոր պատերազմի լեգիտիմ իրավունքը»,- ընդգծեց Արգիշտի Կիվիրյանը։











