Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով նախագահի աշխատակազմի կայքին, հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։

Ալիևն ասել է, որ «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը» և այդ կապակցությամբ առաջարկել է 5 սկզբունք, որոնք խաղաղության պայմանագրի հիմքն են լինելու։

Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի դերը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների, Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների, այդ թվում՝ էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։