ԱՊՊԱ-ի սակագներում վարչական ծախսերի եւ շահույթի բաժինն ավելի բարձր է եղել, քան ԿԲ սահմանածը: ԱԺ-ում, այդ թեմայով կայացած լսումների ժամանակ նշվել է, որ ներկայումս ԱՊՊԱ-ի վճարումները (վարչական ծախսեր եւ շահույթ) միջինը կազմում է 52 տոկոս, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48 տոկոս:
Նշենք, որ ԿԲ-ի կողմից ապահովագրական ընկերությունների համար սահմանած ԱՊՊԱ-ի սակագներում վարչական ծախսերը պետք է կազմեն ընդամենը 22-25 տոկոս:
Այդ կապակցությամբ, լսումների ժամանակ դաշնակցական պատգամավորները նշել ապահովագրական ընկերությունների բարձր շահույթը:
Իր հերթին, «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից մեկը, ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ շահույթի այս մակարդակը արտացոլում է ընկերությունների պահանջմունքը` համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու համար:
«Ժառանգության» պատգամավորները բարձրաձայնել են, որ ԱՊՊԱ-ի վճարումները սոցիալական լուրջ բեռ են հասարակ քաղաքացիների համար: «Դեռ խորհրդային ժամանակ գնած մեքենայի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ հիմա հարուստ են, սակայն նրանք ստիպված են բոլորի հետ վճարել ԱՊՊԱ-ի համար»,- ասել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, եթե ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում տաքսիների ու երթուղայինների մասնակցությամբ, ապա պետք է նրանց համար ԱՊՊԱ-ի սակագինն ավելի բարձր լինի: Հակառակ դեպքում, ապահովագրական ընկերություններին վճարվող գումարի հիմնական բեռն ընկնելու է առավել զգույշ վարորդների վրա:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը նշել է, որ բոնուսների համակարգը զգույժ վարորդների համար ուժի մեջ է մտնելու 2013-ից: «Որպեսզի պարզենք, թե ինչ ռիսկեր է ստեղծում մեքենայի սեփականտերը, մենք պետք է տվյալների բազա ունենանք: Այդ դեպքում բոնուսների համակարգը եւ սակագների կիրառումը օբյեկտիվ կլինի»,- ասել է նա:




























