Երեւանում մեկնարկել է «Հեղուկ բյուրեղների օպտիկա» 14-րդ թեմատիկ համաժողովը (ֆոտոռեպորտաժ): Դա աննախադեպ լայնածավալ իրադարձություն է Երեւանի գիտական եւ ճարտարագիտա-տեխնիկական կյանքում, համաժողովին մասնակցում են 160 ներկայացուցիչներ Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի երկրներից:
Համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին եւ կձգվի մինչեւ ամսվա վերջ: Այնտեղ ներկայացվելու են հեղուկ բյուրեղների ֆիզիկայի եւ օպտիկայի նորագույն ձեռքբերումները:
Հեղուկ բյուրեղներն այսօր մեր կյանքի մի մասն են կազմում, դրանք օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաներում, բժշկության, արդյունաբերության մեջ, եւ դրանց օգտագործման ոլորտները շարունակում են ընդլայնվել:
14-րդ համաժողովն ըստ էության հոբելյանական է, համաժողովներն անցկացվում են արդեն 25 տարի: Առաջին նման համաժողովն անցկացվել է 1986թ. Նեապոլում, եւ պարբերական են դարձել` կազմակերպվելով ամեն երկու տարին մեկ:
Երեւանյան համաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանը` ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի եւ Գիտության պետական կոմիտեի հետ մասին: Համաժողովի փորձագիտական խմբում ընդգրկված են մասնագետներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: 14-րդ համաժողովի հովանավորներն են Օդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL, ԱՄՆ), Օպտիկական միությունը (OSA), Taylor & Francis հրատարակչությունը, միջազգային գիտա-տեխնիկական կենտրոնը:



























