Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը կարեւորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը եւ ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի ձեւավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:





























