Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, կողմերը պաշտպանական ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:  

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հասանովը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ի պատասխան,  Բուրչուլաձեն նշել է, որ ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդների միջեւ գոյություն ունի ավանդական բարեկամություն եւ փոխադարձ վստահություն: Հատուկ ընդգծվել է նման հանդիպումների կանոնավոր անցկացման, ինչպես նաեւ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում շփումների ընդլայնման կարեւորությունը: Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ երկկողմ եւ եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում համատեղ զորավարժությունների եւ աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման շուրջ: