Հակասություններ Հայ ազգային կոնգրեսի ներսում չկան։ Այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀԱԿ վերջին հանրահավաքին ինքը ասել էր, որ իրենք կողմ են հասարակական-քաղաքացիական անհնազանդության, Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր սահմանադրական հեղափոխության, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մաքսիմալիստ չլինելու եւ իշխանությունների հետ քննարկումների հնարավորության մասին։ 

«Ես ոչ միայն հակասություն չեմ տեսնում: Նաեւ կցանկանայի, որ դուք եւս որեւէ հակասություն չներկայացնեիք»,- ի պատասխան լրագրողի դիտարկմանը հակադարձեց Զուրաբյանը։ Նրա խոոսքով, անպայման չէ լինել մաքսիմալիստ՝ վճռական գործողությունների գնալու համար։ «Կարելի է լինել ոչ մաքսիմալիստ եւ այնուամենայնիվ դիմել շատ վճռական գործողությունների»,- համոզմունք հայտնեց Զուրաբյանը։

Անդրադառնալով վիքիլիքսյան հրապարակումներին՝ ՀԱԿ համակարգողը նկատեց, որ «մարդկանց, ովքեր գնում էին եւ ստեր փչում ամերիկյան  դեսպանատանը, թե ՀԱԿ-ում, իբր, տարաձայնությունների կան, խորհուրդ կտայի տեղեկատվության ավելի հուսալի աղբյուրներ գտնել ՀԱԿ-ի ներսում կատարվող գործընթացներ ծանոթանալու համար»։

Զուրաբյանի խոսքով, WikiLeaks-ը տեղեկատվության տարբեր աղբյուրներ է նշում, եւ այն աղբյուրները, որոնք խոսել են ՀԱԿ-ի մասին, հուսալի չեն։ «Եթե այդ աղբյուրները 2009-ին ասում էին, որ ՀԱԿ-ը վախճանման եզրին է գտնվում եւ գնում է դեպի ավարտ, համոզվեցին, որ ընդամենը 1 տարի հետո ՀԱԿ-ն անցկացրեց իր պատմության մեջ ամենազանգվածային միջոցառումները՝ այս տարվա մարտ-ապրիլյան հանրահավաքները։ Ես ձեզ հարցնում եմ՝ այդ աղբյուրներին կարելի՞ է վստահել։ Այդ աղբյուրներին հերքել է իրականությունը, ոչ թե ես եմ հերքում»,- ամփոփեց Զուրաբյանը։