Տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի երեք պետությունները սեփական խնդիրները լուծելու համար դրսի ուժեր են փնտրում։ «Հայաստանի անկախության 20 տարիները եւ տարածաշրջանը» թեմայով, սեպտեմբերի 27-ին, կազմակերպված քննարկմանն այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։

Նրա խոսքով, նման պահվածքը հատուկ է Խորհրդային միության բոլոր պետություններին, քանի որ ժամանակին նրանց փոխարեն ամեն բան որոշում էր Մոսկվան։ «Պետք է սովորել ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, եւ դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին որոշումներ չեն պարտադրում, նրանք ուզում են, որ հարցն ինքուրույնաբար լուծվի»։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտն իր հերթին կարծիք հայտնեց, որ ժողովրդին շատ դժվար կլինի համոզել ղարաբաղյան հարցում գնալ զիջումների։ Դեսպանի խոսքով, գտնվելով այս իրավիճակում՝ Հայաստանը զարգացման հարցում ավելի ու ավելի է զիջում մյուս երկրներին։

Որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ՝ Շմիդտը նշեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհարժեշտությունը։ «Ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները՝ կողմերը գործընթացը հասցրեցին մինչեւ վավերացումը, սակայն կողմերից մեկը անհետեւողական գտնվեց»։

Էվանսի խոսքով, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չարժե որպես բարեկամական դիտարկել։ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շատ հաճախ գնահատվում է որպես բարեկամական։ Նման ընկալումը ճիշտ չէ»։

Որպես իր խոսքերի ապացույց՝ նախկին դեսպանը նշեց, որ տարածքային հակամարտություններ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք Հունաստանն ու Թուրքիան են, Ռուսաստանն ու Ճապոնիան, այնուամենայնիվ դիվանագիտական հարաբերություններ ունեն։