Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` սեպտեմբերի 27-ին, մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է առաջիկա օրերի ընթացքում ամփոփել եւ ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար: Նա նաեւ հորդորել է ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետեւել շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ հոկտեմեբրի վերջը:
Ինչ վերաբերում է հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, մարզպետները վստահեցրել են, որ մարզերում արդեն իրականացված են անհրաժեշտ աշխատանքները` գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերին 10-11-ը Ջերմուկում անցկացվելիք գյուղական համայնքների ֆորումի կազմակերպչական հարցեր:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի հորատման թույլտվությունների խնդրին, որի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից հարցադրումներ են լինում: Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարարությունն այդ հարցերով չի զբաղվում: Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման, խաղողի մթերման գործընթացներին, մարզպետների առաջիկա այցելությանը ԼՂՀ:




























