Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում մի շարք զինված միջադեպեր են տեղի ունեցել, որոնք մտահոգություն են առաջացնում  հասարակական անվտանգության տեսանկյունից: Տեղեկություններ են ստացվել նաեւ երկրի տարբեր շրջաններում, հատկապես մայրաքաղաքում, զինամթերքի հաճախակի հայտնաբերման մասին: Այս մասին նշվում է BBC-ի ադրբեջանական ծառայության «Ինչո՞ւ են Ադրբեջանում հաճախակի դարձել զինված միջադեպերը եւ ինչպե՞ս է դա ազդում հասարակ մարդկանց վրա» հոդվածում։

Վերջերս իրավապահ մարմինները հայտնել էին Բաքվի Նարիմանովի թաղամասում զինամթերքի հայտնաբերման մասին, իսկ Նախիջեւանում հայտնաբերվել են զրահահար հրետանային արկեր։ Բացի այդ, օրեր առաջ Բարդա քաղաքում տղամարդու մոտ հայտնաբերվել է նռնականետ։

Այս միջադեպերը ուժեղացրել են անվտանգության վերաբերյալ  հասարակության մտահոգությունները: Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած երկու տարում հանցագործության աճի միջին տարեկան տեմպը ավելացել է մոտ 3-4 անգամ եւ կազմել 18-20 տոկոս։

Բաքվի բնակիչները մտահոգված են զենքի հետ կապված քրեական գործերի թվի աճով։ Որոշ բնակիչներ կարծում են, որ հանցագործներն ավելի շատ են դարձել եւ երկրում հաստատվել է ավտորիտար ռեժիմ, որում ոչ ոք ապահովագրված չէ հրազենային հարձակումներից։

 

 

 

Իրավապահ մարմինները ձեռնարկում են «բոլոր անհրաժեշտ քայլերը» երկրում անվտանգության ապահովման համար, եւ պաշտոնական անձինք չեն կարծում, որ վերջին միջադեպերը վկայում են երկրում անվտանգության բացակայության մասին:

Լրագրող Սախավաթ Մամեդը կարծում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորներից առգրավված զենքն ապօրինի ընկել է Ադրբեջանի խաղաղ բնակչության ձեռքը՝ մեծացնելով հրազենի կիրառմամբ   հանցագործությունների հավանականությունը։ Թեեւ կառավարությունը ձերբակալում է որոշ անձանց եւ առգրավում զենքը, մնացածը շարունակում է մնալ շրջանառության մեջ՝ խորացնելով խնդիրը: