Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը դիմել է այդ խախտմանը՝ ձգտելով հասնել միայն մեկ բանի՝ Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմում, իսկ դրա համար նա պետք է հայ բնակչությանը դուրս մղի Լեռնային Ղարաբաղից՝ իրականացնելով էթնիկ զտումներ: «Դրա համար նա փորձում է մարդկանց համար անտանելի պայմաններ ստեղծել։ Այս անցակետը կսահմանափակի երթեւեկությունն ու առեւտուրը: Արդյունքում մարդիկ աստիճանաբար կհեռանան, իսկ Լեռնային Ղարաբաղը կդառնա անհրապույր կյանքի համար, իսկ 2025 թվականին Ադրբեջանը կպահանջի դուրս բերել ռուս խաղաղապահներին, այնտեղ կմտցնի իր զորքերը եւ դուրս կմղի հայ բնակչության մնացորդները։ Հենց այդ ժամանակ հնարավոր կլինի էսկալացիա»,-նշեց նա։
Փորձագետը կարծում է, որ մինչեւ 2025 թվականը Լեռնային Ղարաբաղի դանդաղ խեղդում կլինի։ «Ալիեւը Սաակաշվիլու պես չի գործի՝ հասկանալով, որ ռուս խաղաղապահների վրա ուղղակի հարձակումը կստիպի Ռուսաստանին արձագանքել։ Բաքուն գործելու է փոքր քայլերի մարտավարությամբ, առաջ է տանելու իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի ներսում եւ դիմելու է այլ սադրանքների»,-հավելեց Ալեքսանդրովը։
Նա նկատեց, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայի իրավիճակից՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի չի ցանկանա փչացնել իր հարաբերությունները եւ ուժային դիմակայության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղում։
«Դա է պատճառը, որ Բաքուն ճնշում է գործադրում, խախտում է պարտավորությունները։ Եվ եթե չլիներ ուկրաինական հակամարտտությունը, Ադրբեջանը նման ռիսկի չէր դիմի»,-եզրափակեց քաղաքագետը։
Արամ Դանիելյան





























