Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին, քննադատել է Փարիզին՝ մեղադրելով Հայաստանին աջակցելու մեջ: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիեւը բազմիցս բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը, նրա խոսքով, փորձել է ամրագրել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված օկուպացիան, եւ դրանում մեղադրել է Ֆրանսիային: 44-օրյա պատերազմից հետո Ալիեւը մի քանի անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ այլեւս գոյություն չունի, քանի որ Ղարաբաղի հարցը, նրա համոզմամբ, վերջնականապես լուծված է, ուստի Ադրբեջանի նախագահի կշտամբանքները Ֆրանսիայի հասցեին երկու հանգամանքի հետ են կապված, կարծում է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։ Առաջին հանգամանքը, նրա գնահատմամբ, պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է։
«Քանի որ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը պատերազմից հետո հակաարեւմտյան գործողություններ են իրականացրել, Ալիեւը հարվածում է Ֆրանսիային՝ որպես արեւմտյան երկրի։ Երկրորդ հանգամանքը կապված է նրա հետ, որ Բաքվի համար ավելի հեշտ է հարվածել Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան երկրի, քան ԱՄՆ-ին, քանի որ երկրի խորհրդարանի երկու պալատները «հայաֆիլ» մոտեցում են ցուցաբերել։ Բացի այդ, Փարիզը լուրջ ակտիվություն է ցուցաբերում։ Այդ պատճառով Ֆրանսիային հարվածելը նշանակում է հարվածել ակտիվ երկրին, որը նաեւ հանդես է գալիս հայամետ դիրքերից։ Զուգահեռաբար Բաքուն Ռուսաստանին ցույց է տալիս, որ նա հարվածում է Արեւմուտքին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մինասյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում տեղակայվել է հենց Ֆրանսիայի շնորհիվ: «Եթե չլիներ Ֆրանսիան, ապա վստահ չեմ, որ այդ առաքելությունն ընդհանրապես կգործեր»,-հավելեց քաղաքագետը: «Որքան շուտ Հայաստանը կարողանա բարձրացնել իր ռազմաքաղաքական դերը թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի աչքերում՝ 44-օրյա պատերազմի պարտության էջը փակելու նատակով, այնքան լավ կլինի Հայաստանի անվտանգության համար»,-հավելեց քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, ինչի վկայությունն է Երեւանի մասնակցությունը Վաշինգտոնի կողմից այս տարվա մարտին կազմակերպված ժողովրդավարության գագաթաժողովին, որին հերթական անգամ հրավիրված չէին ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը:
Արամ Դանիելյան





























