Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կիրակի եկել է խորհրդարան՝ իր իմփիչմենթի հետ կապված։ Հետաքննության անցկացումը պայմանավորված է ավտոմեքենաների գնի եւ արդյունաբերական արտադրության ծախսերի սրընթաց աճով, տեղեկացրել է Tasnim-ը։

Ֆաթեմի Ամինը կիրակի ներկա է եղել  խորհրդարանի բաց նիստին եւ ամբիոն է բարձրացել, որպեսզի պատասխանի մի շարք օրենսդիրների հարցերին, որոնք դժգոհ են նախարարության աշխատանքից եւ արդյունաբերության ոլորտի վատ կառավարումից։

Նիստի ավարտին խորհրդարանականները նախատեսում են քվեարկել նախարարի հրաժարականի հարցը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկա է եղել իմփիչմենթի վերաբերյալ նիստին, որպեսզի պաշտպանի իր նախարարին։

Իրանի սահմանադրության համաձայն՝ օրենսդիրները կարող են իմփիչմենթ հայտարարել նախարարներին, երբ դա անհրաժեշտ համարեն։ Իմփիչմենթի մասին միջնորդություն կարող է արվել, եթե հավաքվի տասից ոչ պակաս ստորագրություն։