«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումն Իրանի նախագահին մեղադրել է 2011 թվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Ահաբեկիչների կարծիքով, իրենց հաջողվել է անել այն, ինչ չի հաջողվել Իրանին, ահա թե ինչու Իրանի ղեկավարները նախանձում են, հաղորդում է ABC News-ը` վկայակոչելով ահաբեկիչների անգլերեն Inspire ամսագիրը:
Խոսքը ՄԱԿ-ի ԳԱ-ի 66-րդ նստաշրջանում հնչեցված Ահմադինեժադի ելույթի մասին է:
Հիշեցնենք, որ իր ելույթում Ահմադինեժադը, սուր քննադատության էր ենթարկել Վաշինգթոնի եւ եվրոպական երկրների քաղաքականությունը:
Նա նաեւ հայտարարել էր, որ ամերիկյան կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն օգտագործել է իբրեւ առիթ՝ ներխուժելու Իրաք եւ Աֆղանստան։ Նա հայտարարել էր, որ որպես ինժեներ ինքը համոզված է, որ երկվորյակ-աշխարակները չէին կարող փլվել պայթած օդանավերի հետեւանքով:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա» խմբավորման հետ, բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար ինքնաթիռներ: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:
Ահաբեկիչներն օդանավերից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել ինքնաթիռը ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:
Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորումն է:




























