Յուրաքանչյուր ոք, ով կհրաժարվի Արցախից, Հայաստանում կդատապարտվի պետական դավաճանության համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա համոզված է՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները վաղ թե ուշ պատասխան են տալու անմեղ սպանվածների հոգիների առաջ։
«Նրանք, ովքեր չեն կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ նրանց սերունդները, տեղ չեն ունենա մեր երկրում։ Նրանց, ովքեր թուլացրել են հայկական բանակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, ներում չի լինելու։ Նա, ով կհարձակվի հայկական ինքնության հենասյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա, կդառնա նզովված..․»,-ասաց Վարդանյանը՝ շարունակելով «ցուցակը»։
Ըստ նրա՝ իշխանությունը Հայաստանի համեմատ ոչինչ է։
«Եվ խնդրում եմ չկասկածեք, որ Հայաստանի Հանրապետությունը, որը ես հենց նոր նկարագրեցի, կլինի»,-եզրափակեց Վարդանյանը։





























