Իրանում Հայաստանի դեսպանությունում, սեպտեմբերի 26-ին, իրանահայ մշակութային համայնքի, գրողների եւ լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել դիվանագետ Գառնիկ Բադալյանի «Իրան. Հանրագիտարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Հայաստանի անկախության 20 ամյակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի ողջույնի խոսքից հետո հեղինակին իրենց շնորհավորական խոսքն են ուղղել գրող-բանաստեղծ Վարանդը, հայտնի պարսիկ գրող եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն, գրքի հրատարակման բարերար, հայտնի գործարար Լեւոն Ահարոնյանը եւ այլ հյուրեր:Ելույթ ունեցողներն իրենց տեսակետները, կարծիքները եւ գնահատականներն են հայտնել գրքի մասին` բարձր գնահատելով հեղինակի` Իրանի մասին ունեցած գիտելիքների եւ նման գրքի կազմմանը մեծ պատասխանատվությամբ մոտենալու համար:
Նշվել է, որ նմանատիպ հրատարակություն նախկինում չի եղել, ուստի այն կարող է հավասարապես հետաքրքրություն ներկայացնել թե Հայաստանում եւ թե սփյուռքում իրանագետների, ուսանողների, ինչպես նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար: «Իրան. Հանրագիտարան» 880 էջանոց եւ 1800 բառ-հոդված, 1200 նկար եւ քարտեզ պարուանկող գիրքը Գառնիկ Բադալյանի Իրանի մասին հրատարակած երրորդ գիրքն է: Շնորահանդեսի ավարտին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ է հանձնել հայտնի պարսիկ գրող եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեին, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր` Շերլի Ավետյանին եւ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր մայրենի լեզվի ուսուցիչ Արմինե Հովհաննիսյանին:




























