Ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային մակարդակում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների մեջ, դա մեխանիկական հիմք չէ այդ անձանց  քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից։

«Եթե գոնե դատարան գնացած գործերի մեղադրանքները նայենք, դրանք առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են ու քաղաքական որևէ տարր չեն պարունակում»,–ասաց Վարդապետյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Միգուցե կոռուպցիոն սարքած գործ լինի,  բայց արդյոք դրանք քաղաքական հետապնդման արդյունք չե՞ն, քաղաքական հետապնդման նպատակով նրանց վրա գործեր են կարվել։  Մամիկոն Ասլանյանի գործը որպես վկայություն»։

Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Իմ դիրքորոշումն այն է, որ ոչ, այստեղ որևէ քաղաքական մոտիվ էլ չկա։ Մեր աշխատանքը դատախազությունում կառուցված է բացառապես փաստի վրա և այսօր, եթե  նայեք դատարան գնացած գործերը, օրինակ, դրվագները, որոնք չեն ներառվել մեղադրանքի մեջ, կտեսնեք, որ կան գործեր, որոնցով մեղադրանքը, օրինակ, մինչև դատարան գնալը 80 տոկոսով փոփոխվել է ֆինանսական քննության ու փաստաթղթահեն ուսումնասիրություն է իրականացվել, քննություն է իրականացվել։ Սա դատախազության հիմնական աշխատանքի  ձևաչափն է, ու կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է։

Ցավոք սրտի, կոռուպցիայի համակարգային բնույթը ենթադրել է նաև քաղաքական ու բարձր պաշտոններ՝ պետության հետ փոխկապակցված մեծ ընկերություններում, բայց էլի դրդապատճառները ֆինանսական են ու կոռուպցիոն»: