Վրաստանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ով համարվում է երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը, վստահ է, որ Հարավային Կովկասը պետք է դառնա տնտեսական եւ քաղաքական միասնական հանրույթ « եւ այդ համատեքստում, Վրաստանը պետք է դառնա համաձայնությունների կայացման, այլ ոչ թե հակամարտությունների վայր»:

Ալասանիայի կարծիքով, ով նախկինում եղել է Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում, Վրաստանի համար եվրոպական ինտեգրացիան առաջնահերթություն է, սակայն դա «կարեւոր եւ հնարավոր է նաեւ հարավկովկասյան այլ երկրների համար»:

Ինչ վերաբերում է կոնկրետ երեք երկրներին` Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, ապա ըստ Ալասանիայի, եկել է ժամանակը, որպեսզի այդ երեք երկրները հաղթահարեն 1980-ականների եւ 90-ականների «անվստահության դարաշրջանը», ռեալ նայել իրողություններին եւ խոստովանել, որ տարածաշրջանային անվտանգության ապագան գտնվում է մեր ձեռքերում: «Ոչ ԱՄՆ-ը, ոչ Բրյուսելը, ոչ Մոսկվան, ոչ Թուրքիան դա չեն անի»,- հավելել է նա:

Անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտություններին, Ալասանիան վստահություն է հայտնել, որ դրանք միայն դժբախտություն են բերել եւ ոչ մի խնդիր չեն լուծել, որ դրանք կարող են լուծվել միայն վստահությամբ` բանակցությունների ճանապարհով: