Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր` սեպտեմբերի 28-ին, կողմ են քվեարկել աջ արմատական Ժողովրդական կուսակցության առաջարկին` երկրի տարածքում, հասարակական վայրերում փարանջայի կրումն արգելելու մասին:

Ըստ փաստաթղթի, արգելվում է ծածկել դեմքը, այսինքն փարանջա կրել դաշնային, վերահսկողական եւ քաղաքային իշխանության մարմիններում: ՄԻաժամանակ, փակ դեմքով մարդկանց արգելվում է հասարակական տրանսպորտ մտնել, ինչպես նաեւ մասնակցել հասարակական վայրերում կազմակերպված միջոցառումներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ օրենքը, որն արգելում է կանանց փարանջա ու հիջաբ կրել, Ֆրանսիայում ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլից: Օրինախախտներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ առաջին դատավճիռը կայացվել է սեպտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Մո քաղաքի դատարանում:  

Դատարանը մեղավոր էր ճանաչել երկու մահմեդական կանանց` Հինդ Ահմասին եւ Քենզա Դրիդերին եւ պարտադրել վճարել համապատասխանաբար 120 եւ 80 եվրո տուգանք: