Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր ռազմական էսկալացիայի սպառնալիքն աճում է, քանի որ ավելի շատ ժամանակ է պահանջվում խաղաղության համաձայնագրի մշակման համար: Այս մասին գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation», հոդվածում, որը TRT World-ը տեղադրել է Twitter-ում:
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարբերական բախումներն ու լարվածությունը, ինչպես նաեւ կողմերին խաղաղ համաձայնության հասնելու վերջին փորձերում հաջողության պակասը մտահոգության պատճառ են հանդիսանում: Իրավիճակը փխրուն է, եւ հույսը, որ մենք ունեինք շուտափույթ խաղաղության պայմանագրի համար, աստիճանաբար մարում է»,-գրել է Աքարը։
Նրա հոդվածում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումը կարող էր ողջ Կովկասյան տարածաշրջանի համար նոր հնարավորություններ բացել պատմական թշնամանքի հաղթահարման համար եւ ճանապարհ հարթել դեպի երկարաժամկետ բարեկամություն:





























