Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր։ Այս մասին ուրբաթ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
«Այսօրվա դրությամբ մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որի նմանը աշխարհում չի լինի»,-Թանգսիրիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է նաեւ նավաշինության ոլորտում Իրանի հարուստ փորձը, մասնավորապես, «Շահիդ Ռուդակի» եւ «Շահիդ Մահդավի» նավերը: «Շահիդ Մահդավի» ռազմանավը ԻՀՊԿ ռազմածովային ուժերի սպառազինության կազմում ներառվել է այս տարվա մարտին։ Այն ունի «Աշուրա» եւ «Թարեկ» դասի մարտական հրթիռային նավակներ, որոնք ունեն բարձր մանեւրելիություն, ինչպես նաեւ 10-180 կմ հեռահարության հրթիռների 99 արձակման կայաններ, տարբեր ԱԹՍ-ներ, ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգեր եւ ռադիոտեղորոշիչ համակարգեր:





























