«Նորմալ բիզնես-գործարք» է անվանել Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 ՊՄՈՒ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնների վաճառքը:

«Մենք դրա մեջ որեւէ խնդիր չենք տեսնում: Դա նորմալ բիզնես-գործարք է: Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է սպառազինությունների առաքումները միջազգային իրավունքների նորմերին խիստ համապատասխան: Բացի այդ, C-300-ները ոչ թե հարձակողական, այլ բացառապես պաշտպանողական համալիրներ են»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Դավիթ Տոնոյանը:

Նա նաեւ նկատել է, թե «Հայաստանը խոցման այնպիսի միջոցներ չունի, որոնց դեմ ուղղված է այդ հզոր զենքը»: «Ավելին, դիմակայության զինված փուլի վերսկսման դեպքում մենք չենք պատրաստվում ավիահարվածների եւ ռմբակոծումների ենթարկել բնակավայրերը, հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար մենք առավել արդյունավետ միջոցներ ունենք»,- հավելել է Տոնոյանը:

«Մեր C-300 համալիրները վաղուց մարտական հերթապահություն են իրականացնում, ինչպես ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգում, այնպես էլ ինքնուրույն ռեժիմում եւ մենք ավելի լավ գիտենք տվյալ համալիրների բոլոր արժանիքներն ու թերությունները` հաշվի առնելով լեռնային պայմաններում դրանց շահագործման առանձնահատկությունները»,- ամփոփել է փոխնախարարը: