Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը: Հայտնում են ԱԺ լրատվականից:

«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն եւ կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից  ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը ադրբեջանցիները բուռն արձագանքեցին»,- պատմել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ ասել է, որ ինքը նույնպես խոսել է Արցախի շրջափակումից, այնտեղ նաեւ ցեղասպանության վտանգ կա, որ մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է. «Ադրբեջանցիները իմ ելույթի ընթացքում տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»:

Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը: