Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն են քննարկելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստում, որ կայանալու է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում հոկտեմբերի 7-10-ը:

Վեհաժողովի հաղորդագրության համաձայն, հատուկ քննարկումը «ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով վարելու է Հարավային կովկասի հարցերով ԵԱՀԿ նոր հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը:

Սեպտեմբերի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սաֆարյանը հիշեցրել էր, որ դեռեւս Վիեննայում անցած ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի նախօրեին ասել էր, որ իր կարծիքով, «նման քննարկումները խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում խորհրդարանական դիվանագիտության ներուժի ներգրավմամբ կարող են լինել արդյունավետ այն դեպքում, երբ պաշտոնական դիվանագիտությունը` մեր երկու երկրների նախագահները, արտգործնախարարությունները կարողանան արձանագրել էական, շոշափելի առաջընթաց բանակցային գործընթացում»:

«Առանց նման առաջընթացի չեմ կարծում, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է լինել էական, կամ առանձնապես օգտակար: Բայց այդուհանդերձ ես չեմ բացառում, որ աշխատանքային կարգով, պարոն Սոարեշի ջանքերին սատարելու նպատակով մենք կարող ենք ունենալ աշխատանքային քննարկումներ Դուբրովնիկում կամ դրանից հետո»,- նշել էր հայաստանյան պատվիրակության ղեկավարը: