Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր, սեպտեմբերի 28-ին ռինգ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը եւ դարձյալ պարտություն գրանցվեց:

81 կգ քաշային կարգում 1/32-րդ եզրափակիչի մենամարտն անցկացրեց Արթուր Խաչատրյանը: Իրանցի Էհսան Ռուզբահանիի հետ պայքարում հավասար անցավ միայն առաջին ռաունդը` 4:4: Երկրորդ ռաունդում իրանցին հաղթեց 3:1, իսկ երրորդում` 8:3 հաշվով: Խաչատրյանը պարտվեց 8:15 հաշվով եւ դուրս մնաց պայքարից:

Առաջնության մեկնարկում պարտություն էր կրել նաեւ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Վաղը, սեպտեմբերի 29-ին Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: 1/32-րդ եզրափակիչում նա կմենամարտի մոնղոլ Տուվշիբաթ Մյանբայի հետ: