Իրանի բանակային ավիացիայի հրամանատար, բրիգադի գեներալ Յուսեֆ Ղորբանին հայտարարել է, որ իր ստորաբաժանումն ունի ամենահզոր ուղղաթիռային լրակազմն Արեւմտյան Ասիայում, տեղեկացրել է Mehr-ը։

«Եթե այսօր ավիացիան՝ ուղղաթիռային լրակազմով, ամենահզորն է Արեւմտյան Ասիայում, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուժեղ է աշխարհում ու անհանգստացնում է սիոնիստներին, ապա դա նահատակների արյան շնորհիվ է»,- ասել է Ղորբանին։

Նա նաեւ նշել է, որ Իրանը ներկայում ի վիճակի է խափանելու «այսպես կոչված գերտերությունների ռազմական հավասարումները՝ ավելացնելով, որ թշնամին ամեն պահի  մտածում է ոչնչացնել իսլամական իսթեբլիշմենթը, բայց նրանց բոլոր դավադրությունները խափանված են»։

Ղորբանին ավելացրել է, որ իրանական ուղղաթիռների վրա տեղադրված են աշխարհի ամենաժամանակակից սարքավորումները, այդ թվում տեղական արտադրության գիշերային տեսանելիության համակարգեր։