ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր` սեպտեմբերի 28-ին, արտակարգ խորհրդակցություն է հրավիրելու Կոսովոյի հյուսիսում ստեղծված վիճակի հարցով, որտեղ բախումներ են տեղի ունեցել KFOR-ի զինվորների եւ տեղի սերբերի միջեւ: Վերջիններս փորձել են խոչընդոտել Սերբիայի հետ սահմանային անցակետերում Կոսովոյի մաքսատան եւ ոստիկանության աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով սերբական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանից, Կոսովոյի հարցով խորհրդակցությունները կանցնեն փակ ռեժիմով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոսովոյի հետ սահմանին բռնության նոր դեպքերից հետո Սերբիայի կառավարությունը կոչ է արել հետաձգել Եվրամիության կողմից Կոսովոյի ալբանական իշխանությունների հետ տարվող բանակցությունները։ Տեղի բնակիչ սերբերի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 11 մարդ, այդ թվում՝ արտասահմանցի չորս զինծառայող:
Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, խաղաղապահները ստիպված են եղել կրակ բացել նրանից հետո, երբ հսկիչ անցագրային կետի մոտ հավաքված մարդիկ գրոհել են։ Կոսովցի սերբերը բողոքել են մերձսահմանային շրջանում իրենց կողմից տեղադրված բարիկադները հավաքելու պատճառով:




























