ԱՄՆ-ն թույլ չի տա Պաղեստինին` դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, Կովկասի լրագրողների ցանցի օնլայն կոնֆերանսի ժամանակ ասել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը` հավելելով, որ Պաղեստինը արդեն բավականաչափ շահել է այդ գործընթացից:
«Պաղեստինն ավելի չի մոտեցել իրական պետականությանը, հեռու է այն, բայց, կարծում եմ, նպատակը դա չէ»,- եզրափակել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին է փոխանցել պաշտոնական հայտը, որով առաջարկում է ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամություն տրամադրել: «Ես կոչ եմ անում գլխավոր քարտուղարին մեր հայտը ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ հարգարժան անդամներին կողմ քվեարկել ՄԱԿ-ին մեր լիիրավ անդամակցությանը: Ես նաեւ կոչ եմ անում պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել, անեն դա»,- հայտարարել է Աբասը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում:




























