Ոստիկանության Աբովյանի բաժնում այս պահին քննչական գործողություններ են ընթանում «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ մյուս որդու` Անդրանիկ Հակոբյանի, նրա կնոջ եւ 13-ամյա  որդու նկատմամբ: Անդրանիկ Հակոբյանը, որի եղբայրը` Արտյուշա Հակոբյանը, համարվում է սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված ավազակախմբի պարագլուխներից, հարցաքննվում է թմրանյութի գործով եւ առայժմ որեւէ կապ չունի բանդայի վնասազերծման հետ:

Մեր տեղեկություններով` չի բացառվում, որ բանդայի վնասազերծման գործով որոշ փաստեր ի հայտ գան Անդրանիկ Հակոբյանի վերաբերյալ, չնայած առայժմ նա թմրանյութերի հարցով է քննվում: Ոստիկանություն է հրավիրվել նաեւ նրա կինը եւ որդին:

Տան խուզարկության ժամանակ, երբ ձերբակալում էին Արտյուշա Հակոբյանին,  Անդրանիկ Հակոբյանի կինը տանը պահվող թմրանյութ է ներկայացրել, իսկ 13-ամյա որդին` որսորդական հրացան, որը եղել է իր պապինը` Սուրիկ Հակոբյանինը:

Նշենք, որ «Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը պնդել է, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ վնասազերծված բանդայի հետ:  Նա հայտարարել է, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են:

Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել Ռուբեն Կարաօղլանյանի, Քյարամ Ամոյանի ու հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Սեպտեմբերի 23-ին կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները: