ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից  ավելի քան 30 տոննա հումանիտար բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Այս մասին տեղեկացնում է  Peacekeeper տելեգրամյան ալիքը։

«Ռուսաստանյան խաղաղպահները կանոնավոր կերպով միջոցառումներ են անցկացնում․ աշխատում են  տեղի բնակիչների հետ, տեղեկություններ են հավաքում օգնության առավել կարիք ունեցողների վերաբերյալ, փոխգործակցում են բարեգործական կազմակերպությունների հետ, անհրաժեշտ հումանիտար օգնություն փոխանցում Լեռնային Ղարաբաղում մանկական կրթական հաստատություններին և ընտանիքներին։

Այդպիսի միջոցառումներից մեկն էլ անցկացվել է Ստեփանակերտի դպրոցներում։ Ռուսաստանյան խաղաղապահները սննդային փաթեթներ են բաժանել դպրոցի առավել աչքի ընկած աշակերտներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, բացի այդ հումանիտար օգնություն են ստացել մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները»,- նշվում է հաղորդման մեջ։