Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Ֆրանսիա եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սպասվող պետական այցը Հայաստան կարեւոր իրադարձություններ են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը հագեցած էր, արդյունավետ, ջերմ ու անկեղծ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
Երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է հաստատվել: Երկու երկրների ղեկավարների միջեւ կա փոխվստահություն եւ այդ հանդիպումները միշտ էլ շատ օգտակար են եւ արդյունավետ:
Այսօր կայացել է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են տնտեսական համագործակցության խնդիրներին: Նալբանդյանը նշել է, որ այսօրվա դրությամբ, Ֆրանսիան Հայաստանում ներդրումների մեծությամբ երկրորդն է Ռուսաստանից հետո: Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 155 ընկերություններ:
Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի հետ, ընդգծելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:




























