Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Այս մասին Արմենպրես գործակալությանը հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հիմնական միջազգային միջնորդական հարթակը, ԵՄ-ն եւս կարող է իր ավանդն ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում՝ բանակցություններին ուժեղ ազդակներ տալով։

«Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մանդատը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Երկար ժամկետներում բարեկարգմանը եւ ժողովրդավարական տարածքների ընդլայնմանն ուղղված ԵՄ քաղաքականությունը, որը իրականացվում է ազատ առեւտրային գոտիների եւ Ասոցիացիայի մասին համաձայնագրերով, եւս կարող է դրական ազդել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման վրա»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Լեհաստանը ներկայումս ԵՄ նախագահող պետություն է։