Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւը հեռացրել է աշխատանքից Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՌԴ մշակույթի նախարարության կայքը:
Գորենշտեյնը աշխատանքից հեռացման մասին անձամբ տեղեկացել է Ավդեեւի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ նվագախմբի երաժիշտները օգոստոսին նամակով դիմել էին Մշակույթի նախարարություն, Գորենշտեյնին հեռացնելու խնդրանքով՝ պատճառաբանելով, որ վերջինս կոլեկտիվի հետ շփման մեջ շատ կոպիտ է։ Երաժիշտները նշել էին, որ այդ պատճառով վերջին մի քանի տարիներին, կոլեկտիվը լքել է 280 երաժիշտ։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մոսկվայում տեղի ունեցող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթում դիրիժոր Մարկ Գորենշտեյնը նվաստացրել է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Հունիսի 25-ին թավջութակահարների փորձի ժամանակ Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս արտահայտությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել: Բացի այդ, այդ պահին փորձը ձայնագրվել եւ ուղիղ եթերով հեռարձակվել աշխարհով մեկ:




























