Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք մասնակցել են Էրզրումում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ նախընտրական հանրահավաքի ժամանակ ագրեսիվ գործողություններին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Դեպքի փաստով կատարվում է հետաքննություն, դատավարական գործողությունները շարունակվում են։ Միջադեպում մեղավոր ճանաչված անձանց կալանավորելու որոշում է կայացվել։ Այս պահին կալանավորված է 13 մարդ։ Քննությունը վարում են ինչպես գլխավոր դատախազությունը, այնպես էլ արդարադատության տեղական մարմինները»,- նախարարին մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Բոզդաղը հավելել է, որ իշխանությունները ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները։ Քննչական բոլոր միջոցառումների ավարտից հետո որոշում կկայացվի վերջնական խափանման միջոցի վերաբերյալ։ Նա նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին եւ նշել, որ նախընտրական քարոզարշավը պետք է շարունակվի առանց նման միջադեպերի եւ ժողովրդավարական նորմերին համապատասխան։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Թուրքիայի արեւելքում գտնվող Էրզրում քաղաքում։ Բնակչության առաջ Իմամօղլուի ելույթի ժամանակ մի քանի հոգի սկսել են քարեր նետել ամբիոնի եւ ավտոբուսի վրա, որով ժամանել են ելույթ ունեցողները։ Քաղաքապետի խոսքով՝ տուժել է 10-15 մարդ։ Այս ագրեսիայի պատճառով նա հասցրել է խոսել ընդամենը 15 րոպե, որից հետո ավտոբուսով հեռացել է տարածքից։ Ավելի ուշ սոցցանցերում հրապարակվել են այս ավտոբուսի լուսանկարները՝ կոտրված ապակիներով եւ վնասվածքներով։
Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ կատարվածի համար պատասխանատու է համարում տեղական իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, անվտանգության անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել եւ անգործության են մատնվել։ Նա մտադիր է դատի տալ Էրզրումի նահանգապետին։
Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր դաշինք, որի միասնական թեկնածուն՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, մասնակցում է մայիսի 14-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններին։ Եթե ներկայացուցիչը հաղթի ընտրություններում, նա կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը։





























