Վարշավայում այսօր` սեպտեմբերի 29-ին, բացվում է «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Եվրամիության եւ նախկին ԽՍՀՄ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մերձեցմանն առնչվող հարցեր։

Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հրավիրվել գագաթաժողովին, քանի որ նրա մուտքը ԵՄ երկրներ արգելված է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վարշավան հույս ունի, որ Ուկրաինային կհաջողվի ավարտել ազատ առեւտրի շուրջ բանակցությունները եւ ԵՄ-ում Լեհաստանի նախագահության օրոք Եվրամիության հետ համագործակցության պայմանագիր կնքել։

«Արեւելյան գործընկերությունը» նախատեսում է ԵՄ-ի հետ նախկին ԽՍՀՄ 6 պետությունների քաղաքական եւ տնտեսական մերձեցում, սակայն, չի նախատեսում ԵՄ անդամակցության հնարավորություն, առաջարկում է վիզային ռեժիմի պարզեցում, համագործակցություն էներգետիկայի, ազատ առեւտրի ոլորտներում: