ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորումը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: