Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: Ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․

«Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-գրել է մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: