Սոթքի ոսկու հանքավայրի բաց տարածքում աշխատանքների ավարտը նախատեսվում էր դեռ անցյալ տարվա աշնան վերջին։ Սակայն Կառավարության հետ բանակցություններից հետո աշխատանքները շարունակվեցին։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Աշխատակիցների զգալի մասին, նրա խոսքով, նախատեսվում էր պահել մինչեւ այս տարվա ամառ։ Դրանից հետո նրանք պետք է կրճատվեին։ «Այսինքն՝ կառավարության միջամտության եւ տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ աշխատակիցների աշխատանքի ժամկետը երկարաձգվեց եւս 5-6 ամսով։ Այսինքն՝ նրանց շարունակում են աշխատավարձ վճարել, թեկուզ հարկադիր պարապուրդի տեսքով»,- պարզաբանեց Հարությունյանը։
Հանքավայրը շահագործող «GeoProMining Gold»-ը սկսել է վերամշակման հաջորդ՝ փակ փուլը ։ Այսինքն, փոխնախարարի խոսքով, նախագծում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որոնք, այսպես թե այնպես, պետք է հանգեցնեին աշխատողների թվի կրճատմանը։ Սակայն նա ձեռնպահ մնաց կոնկրետ թվեր ներկայացնելուց։
Հարությունյանը վստահեցրեց նաեւ, որ հակառակորդի կողմից շփման գծում պարբերական հրետակոծությունները չեն խանգարում դաշտի «փակ» շահագործման գործընթացին։ Ավելին, հանքի բաց տարածքում աշխատանքները կավարտվեն մեկ ամսից՝ այնտեղ առկա ռեսուրսների լրիվ սպառման պատճառով։





























