Բրյուսելյան ձեւաչափով հանդիպումների անցկացումը, որոնք դադարեցվել էին 9 ամիս առաջ միջամտության եւ պայմանների թելադրման փորձերի պատճառով, կարեւոր նշանակություն ունի կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու համար։ Այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում՝ կապված նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելի բանակցությունների հետ, տեղեկացրել է haqqin.az-ը։

«Եվրոպական խորհրդի նախագահի մայիսի 14-ին կազմակերպած հինգերորդ հանդիպումն Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ այս ձեւաչափով համարում ենք օգտակար եւ արդյունավետ օրակարգի առաջմղման, երկու երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից... Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում՝ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանազատման եւ հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ»,- ասել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հայտարարությունում նշվել է, որ «ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում մեկ անգամ եւս հասցվել է կողմերին։ Մասնավորապես, հատուկ նշանակություն ունի պետությունների տարածքային ամբողջականության հարգման հերթական հաստատումը, այն, որ Հայաստանն այս համատեքստում ընդունել է Ադրբեջանի տաածքային ամբողջականությունը միջազգային մակարդակով»։

«Հանդիպումը նաեւ հնարավորություն է տրամադրել քննարկելու հումանիտար հարցեր, որոնք կարեւոր են հետհակամարտային կարգավորման տեսանկյունից։ Այս համատեքստում մեկ անգամ եւս ընդգծվել է անհետ կորածների ճակատագրի պարզման կարեւորությունը, մասնավորապես՝ ականազերծման ոլորտի միջոցառումների արագացումը։

Հայտարարում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միմյանց միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա ամուր խաղաղության եւ կայունության ապահովման միակ ճանապարհն է տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ, որոնք նպաստում են հարաբերությունների կարգավորման առաջընթացին՝ հաստատելով մեր պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը եւ փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, որոնք հետապնդում են այս նպատակը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։