Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ, առհասարակ, Արցախի վերաբերյալ այս կամ այն ժամանակահատվածում գործող  իշխանության ցանկացած ստորագրություն՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու, կլինի ոչ լեգիտիմ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց, որ Հայաստանի համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կհիշատակվի Ադրբեջանի կազմում։

Ուստի այս նորմատիվ իրավական ակտը շրջանցող ցանկացած որոշում, ըստ նրա, կլինի թե՛ Հայաստանի Սահմանադրության, թե՛ օրենքի խախտում։

«Արցախի ժողովուրդը բազմիցս ասել է, որ պաշտպանելու է իր ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա պետք է հասկանալ, եւ բոլոր քայլերը պետք է տեղավորվեն այս գաղափարի մեջ։ Այս տրամաբանությունից դուրս ցանկացած գործողություն, ցանկացած ստորագրություն ոչ լեգիտիմ է։

Սահմանադրության խախտմամբ եւ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ցանկացած փաստաթղթի ստորագրում խաչ կքաշի այն անձի վրա, ով կդիմի այդ քայլին։

Փաշինյանը, իշխանությունը պահպանելու համար եւ տրված խոստումների շրջանակում, կարող է ինչ-որ բան ստորագրել, բայց նրա ստորագրությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Ուստի դրանից հետո Նիկոլ Փաշինյանին ապազգային գործողությունների մեջ մեղադրելու գործընթաց կսկսվի, նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծեց Գալստյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը տարբեր տեղերում տարբեր խոստումներ է տալիս՝ որոշումներ կայացնելով իշխանությունը կորցնելու վախից։ Փաշինյանը համաձայնություն կտա նրան, ով իրեն երաշխավորում է այս իշխանության պահպանումը։

«Նոր բանակցողը կարող է փոխել իրավիճակը: Պարտված ուժից, որը  քաղաքականություն է վարում ելնելով իր վախերից, հնարավոր չէ հայանպաստ լուծում ակնկալել։ Հակասական պայմանավորվածություններն ու խոստումները չեն կարող բերել խաղաղության, քանի որ խաղաղություն չի կարող պարտադրվել»,- եզրափակեց պատգամավորը։