Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ վարում է բանակցություններ Արցախը Հայաստանի դիմաց բանաձեւով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Սա այն եզակի դեպքերից է, երբ հարցն այլեւս երկիմաստություն չի առաջացնում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում Արցախն ամբողջությամբ։ Եվ սրա մասին էր երկար ժամանակ ասում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա, ըստ էության, հայտարարվեց այն, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ, երեկ էլ որոշել են, որ դա պետք է հանրայնացվի։ Սա կարելի է ասել՝ խաղաղության պայմանագրի կարեւոր դրույթներից է, եւ դրա կնքումից հետո լինելու է ճանապարհային քարտեզ»,- ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մի օր չի մտնի Հայաստան Հանրապետության տարածք։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ բարդ կլինի միջազգային երաշխավոր գտնելը։

«Ինչպես հիմա են մեղադրում ռուսներին, որ չեն կարողանում ապահովել իրենց պարտավորությունները, այնպես էլ վաղը մեղադրելու են եվրոպացիներին կամ ամերիկացիներին։ Բացի սա լինելու է Արցախի դիմադրությունը, որովհետեւ իրենք չեն ընդունելու այդ փաստաթուղթը։ Դիմադրության ամենակարեւոր կենտրոնն Արցախն է։ Եթե Արցախը կարողանա ցույց տալ, որ դիմադրող է, եթե այնտեղի քաղաքական ուժերը ցույց տան, որ առանց իրենց հետ պայմանավորվելու այդ փաստաթուղթը, ոչինչ է լինելու, գործընթացը շատ կերկարացվի, եւ սա նույնպես մեթոդ է վիժեցնելու այդ գործընթացը»,- նշեց նա։

Հակոբյանի խոսքով՝ միակ տարբերակը տարածքային ամբողջականության արդեն փաստացի ճանաչման իշխանափոխությունն է, քանի որ իշխանությունը հստակ ցույց է տալիս Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը։

«Հայաստանի իշխանությունը չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի հետւ վարում է բանակցություններ Արցախը Հայաստանի դիմաց բանաձեւով՝ մենք զիջում ենք Արցախն Ադրբեջանին միայն թե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29,8 հազ քառ կմ տարածքը։ Սա է այս իշխանության ծրագիրը։ Եթե Հայաստանի հասարակությունը ցանկություն չունի Արցախը հանձնելու, պետք է հասկանա, որ իշխանությունը փոխել է պետք, որքան հնարավոր է շուտ»,- ընդգծեց նա։