Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակ հայտարարություն է։ Դա մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կոպտագույն խախտում է, եթե ոչ՝ հարված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 15-ին ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Միշելը հավասարեցվեց Չեմբեռլենին։ 1938թ. խայտառակ դավադրության հետեւանքով դեմոկրատական Չեխոսլովակիան հանձնվեց նացիստական Գերմանիային»,- նշել է նա։

Բաբայանը սա անվանել է ոչ միայն Մյունխենյան դավադրության կրկնություն, այլեւ ավելի սերտ համագործակցություն խեղաթյուրված դեմոկրատիայի եւ բարգավաճող տոտալիտարիզմի միջեւ։

«Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը։ Դրանք աշխարհաքաղաքական առումով կոռումպացված մարդիկ են։ Միշելը ցանկանում է մեզ համակենտրոնացման ճամբա՞ր քշել։ Այդպես էլ ստացվում է։ Ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսվում, եթե իրականացվում է Չեմբեռլենի ծրագիրը»,- տարակուսել է նախագահի խորհրդականը։

Նրա կարծիքով՝  բոլոր հարցերը պետք է լուծվեն արագ, քանի որ ժամանակը քիչ է։

«Պետք է հասկանալ պաշտոնական Հայաստանի, հայ ժողովրդի, հավաքական Արեւմուտքի՝ հանձին ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի դիրքորոշումը։ Դրանից հետո իրավիճակը վերջնականապես կհստակեցվի, եւ հասկանալի կդառնան այս ծանրագույն վիճակից դուրս գալու հնարավոր քայլերը։

Միշելը խիստ կրճատել է մանեւրի հնարավորությունը, նա նշել է թիվ եւ դա արել է կանխամտածված։ Հիմա մենք պետք է պատասխան ստանանք Հայաստանից եւ հայ ժողովրդից։

Եվրոպան լեգիտիմացրել է 2020թ. ագրեսիան, արդարացրել անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում։ Դրանով իսկ նա ցույց է տվել, որ, գուցե, այդ նա է ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավված եղել 2020թ. Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի մեջ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Որտե՞ղ են այդ եվրոպական դիտորդները։ Այդպես կլինի նաեւ Արցախում։

Եկել է իմանալու նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը՝ որպես այդ փաստաթղթի (նկատի ունի նոյեմբերի 9-ի հայտարարությունը- խմբ.) կատարման հիմնական երաշխավորի։ Կա՞ նա այդ գործընթացներում, թե՞ ոչ։ Քանի դեռ կան ռուս խաղաղապահները, կոտորած չկա։ Ռուսաստանը 300 տարի ուժեղ էր Հարավային Կովկասում, այդ թվում շնորհիվ արցախահայերի։ Մոտ 50 հազար արցախահայեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Դիվանագիտական լուծումներ այլեւս չկան, այդ հարցը փակ է։ Ո՞վ է Միշելը, որն իր վրա է վերցրել այդ հարցի կարգավորումը։ Դա լեգիտիմ չէ, կա ԵԱՀԿ ՄԽ-ն։ Նա վկայակոչում է Ալմաթիի հռչակագիրը՝ խեղաթյուրելով այն։ Բայց այս ամենը նշանակություն չունի, ԵՄ-ն ընդամենը ցանկանում է միասնական ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ, եւ հանուն դրա պատրաստ է ամեն ինչի։

Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, եթե մեզ ներառում են տոտալիտար պետության կազմում»,- ընդգծել է Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ Արցախում ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական լծի տակ՝ տեղեկացնելով, որ հետագա գործողությունների չորս տարբերակներից մնացել են երկուսը։

«Չորս տարբերակներն էին՝ Ադրբեջանի կազմում ներառվելը, ստատուս-քվոյի պահպանումը, պայքարը, ինչպես նաեւ ադրբեջանական լուծը չընդունելն ու աստվածաշնչյան ելքը։ Հիմա մնում են երկու տարբերակ՝ պայքար եւ աստվածաշնչյան ելք։

Ի՞նչ պետք է մենք քննարկենք Բաքվի հետ։ Ինչպես ենք հանձնվելո՞ւ։ Լուծվում է ո՛չ թե Արցախի հարցը, այլ հայի ինքնորոշման հարցը, այն հարցը, թե ով է հայը։

Արցախը երբեք ձրիակեր չի եղել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, այլ աննախադեպ ավանդ է ներդրել ընդհանուր գործում։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է մտածում հայ ժողովուրդը։

Մենք չենք ցանկանում քննարկել իրավունքների եւ անվտանգության կամ որեւէ այլ հարց Ադրբեջանի կազմում, ինչ մեխանիզմի պայմաններում ուզում է լինի։ Բանը մեխանիզմներին չի էլ հասնի։

Մնում է երկու ելք՝ պայքար անհայտ վերջաբանով եւ արժանապատիվ աստվածաշնչյան ելք՝ գենոֆոնդի պահպանման համար, ինչպես մի ժամանակ արել են հրեաները՝ Եգիպտոսից հեռանալով»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։