Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ Բայրամովն ու Բորելը կարևորել են Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը կայացել է գրեթե իննամսյա ընդմիջումից հետո՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու առումով։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի հանձնառությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը Հայաստանին մեղադրել է «այդ գործընթացը խոչընդոտելու փորձերի» և «սադրանքների» մեջ։ Կողմերը նշել են նաև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի կարևորությունը, որն իրավական հիմք կդառնա Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների համար։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։





























